Երեւանի քաղաքապետարանում կայացել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռքբերման նպատակով բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը, որին ներկա էին հանձնաժողովի 7 անդամներից 6-ը։

Հանձնաժողովի կազմում են Երեւան քաղաքի ավագանու խմբակցությունների մեկական անդամ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության երեք աշխատակից եւ հասարակական կազմակերպության մեկ ներկայացուցիչ, ով  չէր ներկայացել նիստին։

Հանձնաժողովի անդամ, Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան խմբակցության» ներկայացուցիչ Թամար Պողոսյանի դիտարկմամբ՝ նիստին չներկայացած կազմակերպությունը, թեեւ բազմիցս է հանդես եկել առաջարկություններով, սակայն բացակայելով՝ թերեւս խուսափում է կիսել պատասխանատվությունը եւ նախընտրում է մնալ ընդդիմախոսի դիրքում։

Հանձնաժողովի նախագահ, Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ Սաշիկ Մանուչարյանը, ներկայացնելով հանձնաժողովի կազմը, նշել է, որ Երեւանում գործող թափառող կենդանիների պաշտպանությամբ շահագրգիռ երկու հասարակական կազմակեպությունները գրությամբ հրավիրվել են ներկայացված լինելու հանձնաժողովում։

«Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը կրկնակի գրությամբ է հրավիրվել. նախ հրաժարվել է ներկայացուցիչ ներկայացնել, ապա, սահմանված եռօրյա ժամկետը լրանալուց հետո, երբ իրավական ակտով հանձնաժողովն արդեն ստեղծված էր, փոխել է որոշումը։ Իսկ կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է թեկնածու՝ կազմակերպության իրավաբանին, ով էլ ընդգրկվել է հանձնաժողովում։ Սակայն նիստի օրը կազմակերպությունը հայտնել է, որ իրենց կոմիտեն հրաժարվում է ներկայացնել թեկնածու, ով էլ բացակայում է նիստից։ Քանի որ հանձնաժողովի անդամների ավելի քան 2/3-ը ներկա են, հանձաժողովը իրավազոր է գումարել նիստը»,- ներկայացրել է հանձնաժողովի նախագահը։

Թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռքբերման նպատակով բաց ընթացակարգի գնահատման հանձնաժողովի առաջին նիստի օրակարգում բաց ընթացակարգի հայտարարության եւ հրավերի տեքստերի քննարկումն ու հաստատումն էր։ Հանձնաժողովի անդամներ, Երեւանի ավագանու անդամ-ներկայացուցիչներ Հանրապետական խմբակցությունից Համբարձում Շահինյանը եւ «Բարեւ Երեւան» խմբակցությունից Անահիտ Բախշյանը հայտարարության եւ հրավերի բովանդակությունները գնահատել են որպես սպառիչ եւ օրենքի բոլոր պահանջներին համահունչ։

Հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել եւ հաստատել է բաց ընթացակարգի հայտարարության եւ հրավերի տեքստերը, որոնք նիստի օրը կուղարկվեն ՀՀ ֆինանսների նախարարություն։

Բաց ընթացակարգի արդյունքները կամփոփվեն սահմանված 40 օրը լրանալուց հետո։