UWC Դիլիջանի դպրոցի 2015թ. ուսումնական տարվա ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետին մնացել է մեկ ամսից քիչ ժամանակ՝ մինչեւ 2014թ. դեկտեմբերի 11-ը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց UWC Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դարյա Բրոդնիկովսկայան՝ դիմորդներին խորհուրդ տալով չսպասել վերջին օրվան, քանի որ հայտ ներկայացնելը բավական ծավալուն գործընթաց է։
Խոսելով UWC Դիլիջանի դպրոց ընդունվելու չափորոշիչների մասին՝ UWC Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացուցիչը նշեց, որ դիմորդները 2015թ. սեպտեմբերի 1-ին դպրոց հաճախելիս պետք է լինեն կամ 16 կամ 17 տարեկան: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվելու դիմորդների ակադեմիական առաջադիմությունը:
«Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ դիմորդները կամ կարողանան ազատ հաղորդակցվել անգլերեն լեզվով, կամ շատ արագ լեզուներ ըմբռնելու ունակություն ունենան»,- ասաց Դարյա Բրոդնիկովսկայան՝ ավելացնելով, որ իրենք սպասում են առաջնորդի հատկանիշներ եւ հասարակությանը ծառայելու ցանկություն ունեցող դիմորդների։
Դիմորդների հայտերն ընդունվում են ոչ թե կոնկրետ Դիլիջանի դպրոցի, այլ UWC-ի ամբողջ համակարգի դպրոցների համար, որ դպրոց կընդունվեն դիմորդները, որոշում են ազգային կոմիտեները։
«Ազգային կոմիտեները ընտրում են լավագույններին, եւ երեխաները ընտրվելուց հետո միայն հայտ են ներկայացնում դրամաշնորհ ստանալու համար: Հատուկ գրանտային կոմիտեն, որոնց մեջ են դոնոր հանդիսացող անձինք, որոշում է կայացնում, թե որ ուսանողը ինչ չափի դրամաշնորհ է ստանում»,- ասաց UWC Դիլիջանի դպրոցի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը՝ ավելացնելով, որ դրամաշնորհները կարող են լինել 50-ից մինչեւ 100%:
Հայաստանից ընդունված ուսանողների մեծ մասը Երեւանից են, 2-ը՝ Իջեւանից, 2-ը՝ Դիլիջանից, եւ մեկական Սպիտակից, Մասիսից, Կոտայքի մարզից: Նրանցից 10-ը սովորում են Դիլիջանում, մյուսներն ընդունվել են UWC համակարգի 11 այլ երկրներում գտնվող քոլեջներ, եւ բոլորն ստացել են դրամաշնորհներ՝ սկսած 90%-ից։ Այսինքն՝ այդ երեխաների ծնողները չէին կարող վճարել երեխաների կրթության համար, անգամ դպրոց հասնելու ճանապարհածախսը»,- ասաց Վերոնիկա Զոնաբենդը՝ ավելացնելով, որ տրամադրված դրամաշնորհների ընդհանուր ծավալը կազմել է 1.5 միլիոն դոլար:
UWC Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դարյա Բրոդնիկովսկայան նշեց, որ UWC դպրոցների ընդունելությունը իրականացվում է 3 փուլով:
«1-ին փուլում UWC-ի եւ ազգային կոմիտեի 3-ական անդամներ ընթերցում են դիմորդների հայտերը, 2-րդ փուլը «Սկայպով» հարցազրույցն է, որին ներկա են UWC-ի ներկայացուցիչներ, եւ այն իրականացվում է երկու լեզվով՝ հայերեն եւ անգլերեն: 3-րդ փուլում արդեն դիմորդների 1/3-ին ենք հրավիրում, որոնք իրականացնում են խմբակային կրեատիվ աշխատանքներ, որոնց հետեւում են մոտավորապես 7-8 փորձագետներ տարբեր դպրոցներից»,- ասաց Դարյա Բրոդնիկովսկայան՝ ավելացնելով, որ 2015 թ. ուսումնական տարվա համար UWC-ի դպրոցները հայ դիմորդների համար տրամադրել են 23 տեղ, որից 10-ը՝ UWC Դիլիջանի համար, իսկ մնացածը Իտալիայում, Սինգապուրում, Գերմանիայում, ԱՄՆ, Հոլանդիայում, Հոնգ-Կոնգում, Կանադայում եւ Չինաստանում:
2013թ. հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը դարձել է UWC ցանցի լիիրավ անդամ, այն այժմ արդեն ունի IB Diploma ուսումնական ծրագրով դասավանդելու արտոնագիր, IB World School-ի պաշտոնական կարգավիճակ:
Այժմ UWC Դիլիջանի կրթահամալիրի 37 հազ. քմ տարածքում գործում է դպրոցի հիմնական շենքը, սպորտային եւ բժշկական կենտրոնները, ֆուտբոլի դաշտը, վոլեյբոլի, բասկետբոլի եւ թենիսի խաղահրապարակները, ուսանողական հանրակացարանները:
Դիլիջանի դպրոցի նախագիծը իրականացնում է RVVZ «Ռուբեն Վարդանյան եւ Վերոնիկա Զոնաբենդ» հիմնադրամը, Scholae Mundi բարեգործական նախաձեռնությունների հիմնադրամը։




























