ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը նոյեմբերի 13-ին ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Անդրեյ Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի Անջեյ Կասպրչիկի զեկույցների:
Դեսպան Կիրակոսյանը բարձր գնահատեց Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը վերջին երեք ամսվա ընթացքում Սոչիում, Նյուպորտում եւ Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպումների գումարման ուղղությամբ: Նշվեց, որ վերջին՝ Փարիզի գագաթաժողովի ընթացքում հաստատվեց, որ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափն արդյունավետ է գործում եւ խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այլընտրանք չունի: Հայկական կողմը կարեւորեց Հիմնարար սկզբունքների շուտափույթ ընդունումը, ինչը հնարավորություն կտա հիմնական խաղաղ համաձայնագրի բանակցումը սկսելու համար:
ՀՀ մշտական ներկայացուցիչը խստիվ դատապարտեց շփման գծի երկայնքով ուսումնական թռիչք իրականացնող ԼՂ Պաշտպանության բանակի ուղղաթիռի ոչնչացումն Ադրբեջանի կողմից՝ գնահատելով այդ միջադեպը որպես հերթական սադրանք իրավիճակը սրելու եւ բանակցային գործընթացը խափանելու նպատակով: Նշվեց, որ խախտելով հրադադարի ռեժիմը եւ դիմելով բռնության՝ Բաքուն անտեսում է Մինսկի խմբի համանախագահների եւ միջազգային հանրության կոչերը ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման եւ վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ՝ դրանով իսկ պատասխանատվություն ստանձնելով իրավիճակի սրման համար:
Հայկական կողմը մտահոգություն հայտնեց, որ 2014թ. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները բազմապատկվել են, շարունակվել են դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը, քաղաքացիական անձանց գնդակոծությունը եւ ծանր սպառազինության կիրառման դեպքերը, ինչը հանգեցրել է մարդկային բազմաթիվ զոհերի:
Նշելով, որ յուրաքանչյուր զոհ էլ ավելի է խորացնում անվստահությունը ժողովուրդների միջեւ, դեսպան Կիրակոսյանը կոչ արեց ադրբեջանական կողմին ընդունել համանախագահների կողմից առաջարկվող վստահության ամրապնդման միջոցառումները՝ հրադադարի ռեժիմի ամրապնդումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը եւ դիպուկահարների դուրսբերումը: Դա կնվազեցնի հրադադարի խախտման դեպքերը եւ մարդկային զոհերի թիվը՝ դրանով իսկ դրական մթնոլորտ ստեղծելով խաղաղ կարգավորման գործում առաջընթացի հասնելու համար: Ընդգծվեց, որ Հայաստանի մոտեցումներն այդ հարցում լիովին համընկնում են միջազգային հանրության եւ համանախագահների մոտեցումների հետ, մինչդեռ Ադրբեջանը հետեւողականորեն մերժում է վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը: Դեսպանը մտահոգություն հայտնեց, որ վստահության ամրապնդման ծրագրերում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալումը Ադրբեջանի իշխանությունների կողմից լրտեսության կեղծ մեղադրանքներով ի ցույց է դնում Ադրբեջանի կողմից հումանիտար շփումները բացառելու փորձերը:
Ելույթի ավարտին դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ հայկական կողմը հիմնախնդրի կարգավորման հիմքում դնում է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր ճակատագիրն ազատ կերպով ընտրելու իրավունքը:




























