Հյուսիսատլանտյան դաշինքն արդեն ավելացրել է իր զինված ուժերի ներկայությունը Ռուսաստանի սահմանների մոտ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: Միաժամանակ նա համարում է, որ աշխարհը կանգնած է նոր սառը պատերազմի շեմին:

«Արդեն հիմա արտաքին սահմաններին ավելի շատ պարեկային թռիչքներ են իրականացվում: Մենք Արեւելյան Եվրոպայում ավելի շատ զինվորական ստորաբաժանումներ ենք տեղաշարժում: Յուրաքանչյուր երկրորդ օր ՆԱՏՕ-ն նոր վարժանքներ է իրականացնում: Մենք մեծացնում ենք արագ արձագանքման մեր ուժերի պատրաստվածությունը»,-հայտարարել է Սթոլթենբերգը Bild տաբլոիդին տված հարցազրույցում:

Միաժամանակ հարցին, թե արդյոք աշխարհը կանգնած է նոր սառը պատերազմի շեմին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատասխանել է. «Ոչ, բայց մենք այլեւս վստահելի համագործակցության մեջ չենք Ռուսաստանի հետ, որը կար վերջին տարիներին: Ռուսաստանը փլուզել է Եվրոպայում արժեքների վրա հիմնված անվտանգության ճարտարապետությունը: Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի Ուկրաինայում զարգացումները չվերածվեն նոր սառը պատերազմի: Դա բխում է նաեւ Ռուսաստանի շահերից»,-ընդգծել է Սթոլթենբերգը:

Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այսօր օրակարգում չէ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: