«Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն դրամի գողությանն օժանդակելու համար 5 ու կես տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանի մայրը՝ Անահիտ Առուշանյանը, որը ամուսնու եւ որդու հետ անժամկետ հացադուլ էր սկսել նախագահականի մոտ, այսօր՝ նոյեմբերի 14-ին, վատացել է:
«Մեր անժամկետ հացադուլ եւ նստացույց հայտարարելու երրորդ օրը կինս վատացավ: Նրա ճնշումը հասել է 160-ի, շտապօգնության բժիշկները եկան, ուզում էին տեղափոխել հիվանդանոց, չհամաձայնեցինք, ուզում էին սրսկեին դարձյալ չթողեցինք: Բժիշկները խորհուրդ տվեցին, որ Անահիտը հանքային ջուր խմի, սակայն մենք դրանից էլ ենք հրաժարվում, քանի որ հացադուլ ենք սկսել եւ խմելու ենք միայն սովորական ջուր»,- NEWS.am-ին ասաց Անահիտ Առուշանյանի ամուսինը՝ Լավրենտի Առուշանյանը:
Լավրենտի Առուշանյանը նշեց, որ իրենք դիմել են ոստիկանության աշխատակիցներին, որպեսզի նրանք աջակցեն շուրջօրյա հսկող շտապօգնության մեքենա տրամադրելու հարցում:
«Մեզ էստեղ ոչ մեկ բանի տեղ չի դնում, մենք մեզ արհամարհված ենք զգում: Դիմեցինք ոստիկանությանը, որ միջնորդեն շտապօգնության մեքենա տրամադրել մեզ, քանի որ օր ու գիշեր այստեղ ենք»,- ասաց Լավրենտի Առուշանյանը:
Նշենք, որ Առուշանյանների ընտանիքը նոյեմբերի 12-ին նախագահականի մոտ սկսել էր անժամկետ նստացույց եւ հացադուլ՝ պահանջելով նախագահից իրենց որդու՝ Աշոտ Առուշանյանի դատական քննության անաչառ ընթացքն ապահովելու համար:
Նշենք, որ Առուշանյանների ընտանիքը նոյեմբերի 12-ին նախագահականի մոտ սկսել էր անժամկետ նստացույց եւ հացադուլ՝ պահանջելով նախագահից իրենց որդու՝ Աշոտ Առուշանյանի դատաքննության անաչառ ընթացք։




























