Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան շաբաթ օրը կարող է հայրենիք վերադառնալ՝ Ֆրանսիայում բուժհետազոտություն անցնելուց հետո, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով նախագահին մոտ աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 77-ամյա  Բուտեֆլիկան բուժվում է Գրենոբլի հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր հինգշաբթի օրը: Դրանից օրեր առաջ նախագահն իր երկրում հանդիպել էր Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ եւ քննարկել երկրների միջեւ հարաբերությունները: Նախագահի հոսպիտալացման պատճառները չեն հաղորդվում:

«Ֆրանսիայում բուժհետազոտություն անցնելուց հետո  նա այսօր կվերադառնա Ալժիր», — աղբյուրի խոսքերն է հայտնում «ՌԻԱ Նովոստին»:

Բուտեֆլիկան  քառակի (1999, 2004, 2009 եւ 2014 թթ) ընտրված նախագահ է: Կառավարման ընթացքում նրան հաջողվել է դադարեցնել իշխանությունների եւ իսլամիստների զինված հակամարտությունը եւ երկիր արտասահմանյան ներդրումներ ներգրավել: