Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում գործող «Բարվա» ինովացիոն հետազոտական կենտրոն: Այն մասնագիտացած է տնտեսության տարբեր ճյուղերի (գյուղատնտեսություն, էներգետիկա) համար նախատեսված ինովացիոն եւ բարձր տեխնոլոգիական սարքավորումների նախագծման ու արտադրության գործում:

Վարչապետը շրջայց է կատարել ինովացիոն կենտրոնի տարածքում, ծանոթացել տարբեր կայանների հզորություններին եւ արտադրվող սարքավորումներին՝ «Զենիթ» հակակարկտային (ավելի արդյունավետ են եւ մատչելի արտասահմանյան նմանատիպ հակակարկտային կայաններից), անտիֆրոստ (ցրտահարությունից պաշտպանություն եւ ջերմոցների ջեռուցում), անձրեւների խթանման (աշխարհում նմանատիպը չունեցող), ինչպես նաեւ արեւային, պիրոգազային եւ բիոզանգվածային (բիոզանգվածից բարձր կալորիական գազի ստացման տեխնոլոգիա) համակարգերին:

Այնուհետեւ կառավարության ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում «Բարվա»-յի նախագահ Արամ Վարդանյանը ներկայացրել է ինովացիոն կենտրոնի գործունեության ուղղությունները, արտադրական հզորությունները, արտահանման ծավալը եւ առաջիկա ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը կարեւորում է ինովացիոն տեխնոլոգիաների հիման վրա արտադրության կազմակերպումը եւ պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ ծրագրերի իրականացմանը: Վարչապետի խոսքով՝ արդիական եւ արտահանման ներուժ ունեն, հատկապես, բիովառելիքի հիման վրա հոսանքի եւ գազի ստացման, անձրեւների խթանման եւ հակակարկտային համակարգերը, որոնք կարող են արդյունավետ կիրառվել ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում:

Վարչապետ Աբրահամյանը ողջունել է ինովացիոն կենտրոնի արտադրության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրումը՝ տեղական մտավոր եւ արտադրական ներուժի կիրառմամբ եւ հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը «Բարվա» ինովացիոն կենտրոնի հետ համատեղ մշակել վերոնշյալ սարքավորումների արտադրանքի վաճառքի ծավալի մեծացման ու արտահանման խթանման ծրագիր: