«Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 մլն դրամ գողանալուն օժանդակելու համար 5 ու կես տարվա ազատազրկման   դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանի մի քանի տասնյակ հարազատներն այսօր՝ նոյեմբերի 17-ին, հավաքվել են ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի մոտ՝ պահանջելով արդար դատավճիռ:

«Հույս ունենք, որ այսօր Աշոտին դատարանից մեզ հետ կտանենք, եթե չէ, այլ ծայրահեղ միջոցների կդիմենք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դատապատրյալի եղբայրը՝ Սլավիկ Առուշանյանը՝ հիշեցնել, որ արդեն 6-րդ օրն է՝ իրենց ընտանիքը նույն պահանջով ՀՀ նախագահի նստավայրի մոտ հացադուլ է անում:

Նրա խոսքով՝ հացադուլի պատճառով ծնողների առողջական վիճակը վատացել է, նույնիսկ մոր համար երկու օր առաջ «Շտապօգնություն» են կանչել։ Սլավիկ Առուշանյանի խոսքով՝ վեց օրվա ընթացքում բացի լրագրողներից ու անցորդներից իրենց ոչ ոք չի մոտեցել։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են պաստառներ՝ «Քրեական վերաքննիչ դատարանից պահանջում ենք անաչառ վճիռ», «Ամերիկյան համալսարանի գերազանցիկ շրջանավարտը արդեն երրորդ տարին է, ինչ գտնվում է ապօրինի կալանքի տակ», «ԵՊՀ ասպիրանտ Աշոտ Առուշանյանի նկատմամբ արդարությունը պետք է վերականգնվի», եւ վանկարկում են՝ «ազատություն, ազատություն»:

Հիշեցնենք, որ Աշոտ Առուշանյանն իրեն մեղավոր չի ճանաչում, նրա փաստաբանը Վերաքննիչ է դիմել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։ Հայրը՝ Լիպարիտ Առուշանյանը, ավելի վաղ NEWS.am-ին ասել էր, որ որդու մեղադրանքի հիմքում ընկած միակ ապացույցը թեւեւ անթույլատրելի է ճանաչվել դատարանում, սակայն, այնուամենայնիվ, մեղադրական դատավճիռ է կայացվել՝ այն համարելով հիմնավոր վարկած։

Նշենք, որ այսօր Վերաքննիչ բողոքի գործով դատական ճառերի փուլն է:

Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե դատարանն այսօր արդարացման վճիռ չկայացնի, իրենք իրավական դաշտում շարունակելու են պայքարել եւ դիմելու են նույնիսկ Եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում։