Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ձմռան նախապատրաստական աշխատանքների մասով զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերում շարունակվում են դռների եւ պատուհանների փոխարինման, ապակեպատման, ջրամատակարարման եւ ջրահեռացման խողովակների ջերմամեկուսացման աշխատանքները:

Նշվել է, որ ընթացքի մեջ է նաեւ ձմռան ամիսներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման մասին տնտեսվարողներին ծանուցման գործընթացը: Մայրաքաղաքում շարունակվում են նաեւ սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների ու կառուցապատողների կողմից մաքրելու եւ բարեկարգելու աշխատանքները: Անդրադառնալով մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա հետեւողական շրջայցեր կատարել վարչական շրջաններում՝ խստորեն հետեւելով աշխատանքների պատշաճ կազմակերպմանը. «Չլուծվող խնդիրներ չկան, պետք է հետեւողական լինել: Մայրաքաղաքում սանիտարական աշխատանքների պատշաճ կազմակերպման համար մենք յուրաքանչյուր տարի բավարար գումարներ ենք հատկացնում: Ուրեմն եղեք հետեւողական, կանոնակարգեք սանմաքրման ձեռնարկությունների աշխատանքն ու վերահսկեք, որպեսզի կատարեն իրենց պարտականությունները»,- նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ հսկողությունը մշտական պետք է լինի նաեւ հասարակական օբյեկտների նկատմամբ, որպեսզի չսահմանված վայրում աղբ չթափեն: Հանձնարարվել է պարտավորությունները չկատարող սեփականատերերի եւ վարձակալների նկատմամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ: