Երեւանի կենդանաբանական այգում նոյեմբերի 15-ին, կայացել է ամենամյա «Դդմի օր» միջոցառումը, որին մասնակցել են հազարավոր երեխաներ Հայաստանի տարբեր անկյուններից: Այն միտում ունի ոչ միայն հետաքրքիր ու հագեցած դարձնել պատանի այցելուների օրը, այլեւ համալրել բնության մասին նրանց գիտելիքները, գրագետ վերաբերմունք ձեւավորել շրջակա միջավայրի հանդեպ:
«Դդմի օր» տոն-մրցույթը տեղի է ունեցել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ: Միջոցառմանն աջակցում էր հիմնադրամի գլխավոր գործընկեր, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Հիմնադրամի բնապահպանական կրթության երկարաժամկետ նախագծի շրջանակում իրականացվող «Դդմի օր» տոն-մրցույթը հնարավորություն է՝ տարբեր կենդանիների սննդակարգի ու կենսակերպի մասին սովորելու, նաեւ՝ գիտակցելու կենդանական աշխարհի հանդեպ մեր պատասխանատվությունը: Շուրջ 1500 երեխա մասնակցեցին աշնանային այս գունավոր տոնին ՝ ստեղծարար ու հնարամիտ լուծումներով ձեւավորելով դդմից, այլ մրգերից ու բանջարեղենից իրենց սիրելի կենդանու համար պատրաստված կերակուրները:
Ամենանորարար ուտեստ պատրաստած խումբը՝ Հայ-ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոցը, շահեց օրվա գլխավոր մրցանակը՝ լուսանկարչական ապարատ: Լավագույն գաղափարի համար պարգեւատրվեց Խ. Աբովյանի անվ. №84 հիմնական դպրոցը, իսկ ամենահամեղ ուտեստը պատրաստել էին Գ. Ստեփանյանի անվ. №135 հիմնական դպրոցի սաները: Հանձնվեցին նաեւ հատուկ խրախուսական մրցանակներ եւ վկայագրեր:
«Մենք արջի համար ենք կերակուր պատրաստում: Դդմի մեջ լիքը բանջարեղեն ու միրգ ենք լցրել, ու որպեսզի արջուկին ավելի շատ դուր գա, էդ ամենի վրա շա՜տ մեղր ենք լցրել»,- պատմեց իննամյա Արսենը, ով մրցույթին մասնակցում էր իր դասընկերների հետ:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի համար «Դդմի օր»-ն ավելին է, քան զվարճալի միջոցառում: «Այս նախաձեռնությունները թույլ են տալիս երեխաներին ընդլայնել գիտելիքներն իրենց շրջապատող աշխարհի, կենդանիների մասին, մասնավորապես՝ ինչպես կերակրել ու խնամել նրանց: Մեր ապագան շատ ավելի լուսավոր կլինի, եթե երեխաները վաղ տարիքից սովորեն հարգել իրենց շրջակա միջավայրը», – նշեց նա:
Միջոցառումն առավելագույնս հասանելի դարձնելու նպատակով Երեւանի կենդանաբանական այգին նոյեմբերի 15-ին անվճար մուտք էր սահմանել մինչեւ 16 տարեկան երեխաների եւ 70-ն անց թոշակառուների համար:
(1).jpg)
(1).jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























