Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը հերքում է տեղեկությունները, որ Մարզահամերգային համալիրում հրդեհը բռնկվել էր ուսանողության միջազգային օրվան նվիրված նրա կազմակերպած համերգից հետո: Պատգամավորը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է հետեւյալը.
«Ուսանողությանը նվիրված համերգը անցավ աննախադեպ լավ։ Շնորհակալություն մեր ընկերներին, ուսանողներին, երիտասարդներին, ովքեր լիաթոք ուրախացան՝ օրն իրապես տոն դարձնելով։ Երբեւէ մարզահամերգային համալիրն այդքան թվով մարդ չէր ընդունել։
Ինչ-որ մարդիկ անհասկանալի հանգամանքներ են կապում համերգի հետ։ Տարածված լուրերը ոչ մի առնչություն չունեն ոչ համերգի ընթացքի, ոչ էլ կազմակերպիչների հետ։
Այդ ստահոդ լուրերի հեղինակները հավանաբար այն մարդիկ են, ովքեր իրոք պաժառ են ընկել մեր հաջողությունից ու միջոցառման ազդեցիկ եւ ներկայացուցչական լինելուց։ Ընդ որում, միայն ՀՀԿ երիտասարդական կազմակերպության միջոցառմանը երիտասարդների թիվը մոտավորապես այնքան էր, որքան իրենց, այսպես կոչված, աշխարհացունց հանրահավաքներում։ Իսկ եթե համերգին հուր կար, ապա միայն մեր սրտերում ու հոգիներում»,- գրել է նա։
Ի դեօմ առավոտվանից փորձում ենք տարածված լուրերի իսկությունը ճշտել հենց իրենից, սակայն Կարեն Ավագյանը չի պատասխանում հեռախոսազանգերին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ օպերատիվ խմբերը:
Դեպքի վայր է ժամանել Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 23.26-ին: Պարզվել է, որ այրվել է շոգեբաղնիքը՝ մոտ 25քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25քմ):




























