Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված եւ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստան վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը գոհ է ծառայությունից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ինջիղուլյանի հարազատները հայտնեցին, որ նա որեւէ խնդիր չունի:
«Զորամասում շատ լավ են դիմավորել, Հակոբը դրա համար շատ է ուրախացել, ծառայությունից էլ շատ գոհ է, որեւէ բողոք չունի»,- ասաց Հակոբի եղբայրը:
Նշենք, որ Հակոբ Ինջիղուլյանը ծառայության է մեկնել օրեր առաջ: Մինչեւ այդ նա բուժզննում էր անցել «Մուրացան» բժշկական կենտրոնում: Գերությունից վերադարձած Հակոբը ծառայությունը շարունակելու է Երեւանի զորամասերից մեկում:
Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել 2013թ. օգոստոսի 8-ին: Ինջիղուլյանն ադրբեջանական գերության մեջ մնացել է ավելի քան մեկ տարի, այնուհետեւ հանձնվել է երրորդ երկրի: Իսկ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նա վերադարձավ Հայաստան: Նախկին գերին հայտարարեց, որ ադրբեջանցիներն իրեն սպառնում էին գնդակահարել, եթե ինքը ցանկություն հայտնի Հայաստան վերադառնալ:




























