ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանը չի հերքում, որ  հրդեհն անեծքի պես հետապնդում է իրեն: Այդ մասին այսօր՝ նոյմեբերի 18-ին, Ազգային ժողովում լրագրողներին ասաց ինքը՝ Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով երեկ Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհին:

Նա ասաց, որ հրդեհը որեւէ կապ չի ունեցել ուսանողության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման հետ, համերգից հետո է միջադեպը եղել: «Որեւէ կապ չի ունեցել համերգի հետ այդ պատահարը, միջոցառումն սկսվել եւ ավարտվել է նախատեսված ժամին, բազմամարդ է եղել, եւ իրականում, եթե պաժառ եղել է, դա եղել է էն մարդկանց մոտ, ովքեր տեսել են, որ ՀՀԿ-ի երիտասարդական կուսակցությունը երիտասարդական կազմակերպությունը ի վիճակի է հավաքել այնքան մարդ, որքան չեն կարող հավաքել աշխարհացունց միտինգներ կազմակերպողները: Պաժառ եղել է միջոցառումից հետո, ես տեղյակ չեմ ինչից է եղել»,- ասաց նա: Պատգամավորը չհերքեց այն դիտարկումը, որ հրդեհն անեծքի պես հետապնդում է իրենց՝ նշելով. «Միգուցե կարելի է ձեր ասածը հաշվի առնել, փորձենք տեսնենք դրա լուծումը որն է: Ո՞նց են անում, որ դրանից ազատվում են:  Փառք Աստծո, այս անգամ հրդեհը չի հետապնդել Հանրապետական կուսակցությանը, միջոցառումն ավարտվել է, բայց մեր հետեւից… Ընդհակառակը, եթե մեղքեր ունենայինք, ավելի վատ հետեւանքներ կունենայինք, փառք Աստծո, վատ հետեւանքներ չեղան»։

Դիտարկմանը, որ  իր ղեկավարած հիմնադրամը փորձանք են դարձել ուսանողների համար, նա պատասխանեց. «Ուսանողները հասան իրենց տուն բարեհաջող: Իսկ փուչիկների թեմայից դուք կարաք դուրս գաք, որովհետեւ մեծացել եք»:

Հարցին, թե միգուցե արժե քննարկել հարցը, թե ինչո՞ւ է հրդեհը հետապնդում ՀՀԿ-ին, Կարեն Ավագյանը պատասխանեց.  «Արժե քննարկել, միգուցե չէ, արժե քննարկել: Միգուցե ճակատագիր է, բայց ես ասացի՝ հուրն ու կրակը մեր սրտերում ու հոգիներում են»։