Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Երեւանի դիրքորոշումը կարելի է գնահատել որպես պասիվ-նահանջողական։ Հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։
Հայաստանի նահանջողական քաղաքականության դրսեւորումներից համարելով միջազգային ասպարեզում ԼՂ խնդրի շուրջ ոչ հստակ արտահայտվելու նախադեպերը՝ Ալավերդյանը նկատեց, որ նմանօրինակ քաղաքականությունը կանգնեցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի Հայաստան կատարելիք այցի ժամանակ ՀՀ իշխանությունները թեմայի շուրջ խոսեն առավել կոնկրետ եւ իրականությանը համապատասխանող լեզվով։
«Քլինթոնի Հայաստան գալը իրենից խնդիր չի ներկայացնի, եթե նրան այստեղ հյուրընկալողները նրա հետ խոսեն իրավական լեզվով, այլ ոչ թե անհասցե եւ անատամ տերմիններով։ Ասել միայն, որ «մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը» բավարար չէ։ Դա պարզից էլ պարզ է. ո՞վ չի ցանկանում, որպեսզի իր երկիրը զարգանա խաղաղության եւ կայունության պայմաններում»,-ընդգծեց «Ժառանգության» պատգամավորը՝ ավելացնելով, որ պետք է փոխել մեր գործելաոճը, քանի որ մեր դիվանագիտությունը Հայաստանը տանում է բախումնային իրավիճակների եւ փակուղիների։ «Հայաստանի կողմից որդեգրված պասիվ հռետորաբանությունը խանգարարում է, որպեսզի աշխարհը հասկանա, թե ինչ ենք իրականում ուզում մենք»,-ավարտեց Լարիսա Ալավերդյանը։




























