Ֆուտբոլային դիվանագիտությունը բարեհաջող վախճանվել է եւ մինչեւ տարեվերջ այդ  ուղղությամբ որեւէ սպասելիք պետք  չէ ունենալ։ Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ պատասխանելով հարցին, թե արդո՞ք ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան կարող է բեկում մտցնել հայ-թուրքական գործընթացում։  

«Հետեւելով ֆուտբոլային տրամաբանությանը եւ աշխարհի առաջնության պարբերականությանը, թերեւս մտածեք, որ ֆուտբոլային ասվածը կրկնվի գուցե չորս տարի անց։ Սակայն գործընթացը բարեհաջող վախճանվել է։  Թուրքիան նոր նախաձեռնություններ է հանդես բերում ու նոր պահանջներով կդիմի Հայաստանին ու միջազգային հանրությանը։ Չեմ կարծում, թե կհաջողի, բայց դա շատ լավ դաս եղավ Հայաստանի համար»,-նկատեց Արման Մելիքյանը։ Նա նաեւ հավելեց, թե պետք է Հայաստանը հետեւություններ անի այս ամենից եւ մտածի այն մասին, որ ոչ թե պետք է «պատահական ու պատեհապաշտական քայլերով  խառնել իրավիճակը, այլ ուղղորդված քաղաքականությամբ հասնել դրված նպատակներին»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հայտարարեց, որ առկախում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` ակնկալելով համապատասխան քայլեր Թուրքիայի կողմից: