Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում նոյեմբերի 17-ի երեկոյան տեղի ունեցած հրդեհի մեղավորները երիտասարդության օրվան նվիրված համերգի կազմակերպիչներն են եղել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՄՀՀ նախկին աշխատակից Կորյուն Գրիգորյանը:
«Անվտանգության միջոցներն ընդհանրապես ձեռնարկված չեն եղել. չի եղել ոչ շտապօգնության մեքենա, ոչ հրդեհը մարելու տեխնիկա ու փրկարար ջոկատ, ոչ էլ ոստիկանություն: Աստված չաներ՝ եթե բռնկված հրդեհը հասներ համերգի դահլիճ, ո՞վ էր պատասխան տալու այդքան մարդկանց կյանքի համար»,- ասաց Կորյուն Գրիգորյանը՝ նշելով, որ մեղավորներն անպայման պետք է պատժվեն:
Նրա խոսքով՝ Մարզահամերգային համալիրում շոգեբաղնքիը կառուցվել է 2005թ.-ին մարզիկների համար եւ բաց է լինում միայն մրցումների ժամանակ. «Անհասկանալի է, թե ինչու է համերգի ժամանակ շոգեբաղնիքը բաց եղել, ու ինչու է սաունան վառվել: Այն միայն մրցումների ժամանակ է բացվում, չեմ կարծում, որ երգիչներն իրենց մկանները թուլացնելու կարիք ունեին: Այստեղից եզրակացություն՝ սաունան դարձրել են բորդել»:
Կորյուն Գրիգորյանը համոզված է, որ շոգեբաղնիքում այդ պահին եղել են համերգի կազմակերպիչները:
Նշենք, որ նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: Պարզվել է, որ այրվել է շոգեբաղնիքը՝ մոտ 25քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25քմ): Հրդեհը տեղի է ունեցել համերգի ժամանակ, այն կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:




























