ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի նախագահությամբ գումարվել է սեպտեմբերի 2-ին նախարարի հրամանով ձեւավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Բնապահպանության նախարարությունից:

Խորհրդի անդամներից բացի՝ նիստին մասնակցել են հասարակական կազմակերպությունների կողմից հրավիրված բնապահպան-փորձագետներ եւ նախարարության համապատասխան ոլորտների պատասխանատուներ:

Խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է օրակարգը, ինչը  հաստատելուց հետո Խորհուրդը սկսել է քննարկել Արարատյան արտեզյան ջրավազանի ներկայիս իրավիճակի պատճառներին, բարելավման հնարավոր ուղիներին, ջրօգտագործման վճարների վերանայմանը, Արարատյան դաշտի արտեզյան ավազանի կառավարման պլանի մշակմանը վերաբերող հարցերը:

Շահագրգիռ քննարկում է ծավալվել նաեւ հանքարդյունաբերության հետեւանքով առաջացած թափոնների համար վճարվելիք գումարների, Թեղուտում տեսչական ստուգումներ անցկացնելու, «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի ներկայացրած Թուխմանուկի ոսկու հանքավայրի բնապահպանական փորձաքննական գործընթացի նախորդ եւ ընթացիկ փուլին առնչվող հարցերի շուրջ:

Քննարկվել է նաեւ վերամշակման այլընտրանքային տեխնոլոգիայի կիրառման միջոցով հանքերի պոչերի (թափոնների) կուտակումների վերացման միջոցով շրջակա միջավայրի մաքրության պահպանության խնդիրը: ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատուները մատուցել են վերոհիշյալ հարցի շուրջ հասարակության մոտ ծագած հարցերի պատասխանները, ներկայացրել  ոլորտների ներկայիս վիճակը եւ խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող միջոցառումները:

Հասարակական խորհրդի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են  խնդիրների լուծման սեփական առաջարկները եւ դիտարկումները:

ՀՀ բնապահպանության նախարարը կարեւորել է հասարակական խորհրդի հարթակը ոչ միայն հասարակության լայն շերտերում առկա մտահոգությունները  հնչեցնելու, այլեւ դրանց լուծման ուղղությամբ ՀԿ-ների կողմից կոնկրետ առաջարկություններ ներկայացնելու հնարավորության համար  եւ իր շնորհակալությունն է հայտնել արդյունավետ ու օգտակար քննարկում ծավալելու համար: