Թուրքիան  մասնակցել է հունիսի 18-ին Չայլու գյուղում ադրբեջանական դիվերսիայի ծրագրմանը։ Այսօր` հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ԼՂ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը՝ հավելելով, որ այդօրինակ սադրանքներ, նաեւ Թուրքիայի ներգրավվածությամբ, կարող են կրկնվել, ուստի հայկական կողմը շփման գծում պետք է լինի ավելի ուշադիր:

Այնուհետեւ անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությանը, նա ասաց. «Թուրքիան փորձում է նոր դերակատարություն ստանձնել տարածաշրջանում, քանի որ ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիայի դերակատարությունը, որպես նախկին ԽՍՀՄ-ի դեմ ուղղված հարավային թեւ, այլեւս սպառել է իր առաքելությունը»: Մելիքյանը նաեւ նշեց, որ թե՛ Հայաստանը, թե՛ տարածաշրջանի մյուս երկրները պետք է հանդես գան նոր նախաձեռնություններով ու նոր դիրքերից, այլապես կարող են դառնալ ուրիշների կողմից ցուցաբերվելիք նախաձեռնությունների պատանդը։

Հարցին, թե մասնավորապես Թուրքիան ի՞նչ նոր նախաձեռնություններով կարող է հանդես գալ, նա արձագանքեց, թե Թուրքիան փորձում է վերաինտեգրվել արաբական աշխարհին եւ բացի այդ, տարածաշրջանում նկատվում է քրդական գործոնի ակտիվացում։ Դիվանագետը միաժամանակ հավելեց, որ Թուրքիայի կողմից ցուցաբերվելիք նախաձեռնողական քաղաքականությունը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ։ «Թուրքիայի ակտիվացմանը զուգահեռ ակտիվանում է նաեւ քրդական գործոնը, եւ դա նկատելի է թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում ու Իրանում։ Սա շատ լուրջ  դժբախտությունների առիթ կարող է դառնալ տարածաշրջանի բոլոր երկրների համար, եւ բնականաբար չի կարող չանդրադառնալ նաեւ Հայաստանի վրա»:

NEWS.am-ի դիտարկմանը, թե Կովկասյան մեծ տուն կառուցելու վերաբերյալ Թուրքիայի տեսլականը չի՞ հակասում ձեր կանխատեսումներին՝ Մելիքյանն արձագանքեց. «Գեղեցիկ հեքիաթներ միշտ էլ կարելի է պատմել, դա ոչ ոք չի արգելում։ Իսկ հեքիաթներ պատմում են մի բանի համար, որպեսզի թմրեցնեն դիմացինին, այնուհետ զարթնեցնեն, ինչը եւ Թուրքիան անում է»: