Երեւան-Գյումրիի ճանապարհին ողբերգական վթարի հետեւանքով տուժածներից Զարուհի Հովհաննիսյանին այսօր՝ նոյեմբերի 19-ին, կվիրահատեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսհակյանը:

Կնոջ մոտ առկա է սրունքի բաց կոտրվածք, վիրահատությունից հետո դեռ մեկ շաբաթ էլ նա կմնա հիվանդանոցում: Վթարից տուժածներից Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է գտնվում Զարուհի Հովհաննիսյանի որդին՝ 14-ամյա Էդմոն Սիմոնյանը,ում ավելի վաղ էին վիրահատել: Երեխան արդեն լավ է, ապաքինվում է: Ողբերգական վթարից տուժածներից Այրվածքաբանական կենտրոնում է գտնվում Գյումրիի հիվանդանոցի բժիշկների մեկի կինը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, ում վիճակը արդեն կայունացել է:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է: