Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար Ն. Ֆիլոսյանին:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն. Ֆիլոսյանը 1999թ.-ից հանդիսանալով Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավար`պաշտոնատար անձ եւ քաջ գիտակցելով համայնքի ղեկավարի ոչ միայն իրավունքները, այլ նաեւ պարտականությունները, այնուամենայնիվ անձամբ մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը: Տվյալ ընկերությանը Դաստակերտ համայնքում ՀԷԿ կառուցելու նպատակով հողատարածք տրամադրելու, շինարարական աշխատանքներում աջակցելու, շահագործման ընթացքում ՀԷԿ-ի աշխատանքները վերահսկելու դիմաց, Ն. Ֆիլոսյանը ընկերության հիմնադիր-մասնակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, նշված ընկերությունից բաժնեմաս է ձեռք բերել եւ դարձել ընկերության մասնակից:
Օգտվելով համայնքի ղեկավարի իր լիազորությոններից, եւ, ըստ էության, արդեն անցնելով հանցավոր պայմանավորվածության կատարմանը, Ն. Ֆիլոսյանը Դաստակերտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0.2 հա/2000քմ/ հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել է այն ընկերությանը, որի բաժնետեր է նաեւ ինքը:
Ավելին՝ Ն. Ֆիլոսյանը, որեւէ կերպ չի փորձել կանխել կամ կասեցնել իր վաճառած հողավարածքում կատարվող ՀԷԿ-ի ինքնակամ շինարությունը, ինչը համայնքի ղեկավարի անմիջական պարտականությունն է: Ն. Ֆիլոյանի ապօրինի գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին:
Ն. Ֆիլոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով:



























