Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդվարդ Մադաթյանը սեփական դիմումի համաձայն ընդունվել է «Օրինաց երկիր» կուսակցություն։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Մադաթյանի նկատմամբ 2004 թվականին քրեական գործ էր հարուցվել «պետական բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ կազմակերպելու հատկանիշներով»: Նա 2004 թվականի դեկտեմբերի 6-ից 2005-ի հուլիսը՝ մինչեւ գործի քննության կասեցումը, հետախուզման մեջ էր եւ վերջին մեկ տարին է, ինչ հայրենիք է վերադարձել։ Մադաթյանը 2010 թվականին մտադիր էր  թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվել, սակայն ԿԸՀ-ն չգրանցեց նրան։ 

Նշենք, որ Էդվարդ Մադաթյանը Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի խնամին է։ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանն էլ,  Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության  անդամ է։ 

NEWS.am-ը փորձեց հեռախոսով Մադաթյանից ճշտել, թե ինչու է որոշել ընդունվել հենց ՕԵԿ շարքերը։ Նա արձագանքեց, թե չի կարող մեր հարցին պատասխանել, քանի որ «դիրքը հարմար չէ», բայց խոստացավ հետո հարցազրույց տալ։