ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածշրջան կատարած այցելությունից հետո հատուկ փոփոխություններ  տարածաշրջանային գործընթացներում չի լինի, քանի որ այն ավելի շատ տեղեկատվական-ճանաչողական բնույթ է ունենալու։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել վրացի փորձագետ Պատա Զաքարեիշվիլին։

«Չարժե մեծ սպասումներ ունենալ այս հանդիպումից, պարզապես Սպիտակ տան նոր վարչակազմը հասել է նաեւ մեր տարածաշրջան։ Հավանաբար, Հիլարի Քլինթոնը Հարավային Կովկասի պետությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում հստակորեն կդնի տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության շեշտադրումները։ Բացի այդ, նա երկրների ղեկավարներին կծանոթացնի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերած պայմանավորվածություններին»,-ասաց փորձագետը։ Նա նշեց, որ այս այցելությունը պետք է դիտարկել  ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում։ Նրա համոզմամբ, ԱՄՆ-ը  չի փորձում մրցակցել Ռուսաստանի հետ Հարավային Կովկասի տարածաշրջանում, քանի որ այդ առումով Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ կա որոշակի պայմանավորվածություն։

«Իհարկե, Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի հետ կա հարցերի քննարկման սեփական շրջանակը։ Վրաստանի դեպքում՝ օսական եւ աբխազական խնդիրները, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի  դեպքում՝ արցախյան հակամարտությունը։ Իմ կարծիքով,  Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծում եղած ադրբեջանական դիվերսիայի առնչությամբ, Քլինթոնը կհամոզի Երեւանին՝ մոռանալ «վիրավորանքները» եւ շարունակել զբաղեցնել իր արժանի դիրքորոշումը բանակցությունների գործընթացում։

Պատասխանելով հարցին, թե արդյոք պայմանավորվածություն չի՞ լինի  ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումները Ադրբեջանում տեղաբաշխելու վերաբերյալ, փորձագետն ասաց. «Ես չեմ կարծում, որ այդ հարցը կշեշտադրվի Քլինթոնի Ադրբեջանում ունենալիք հանդիպումների ժամանակ, նախ այն պատճառով, որ ԱՄՆ-ի զորքերի տեղաբաշխումը տարածաշրջանում դուր չի գա Ռուսաստանին, իսկ Մեդվեդեւի ԱՄՆ կատարած այցելության ժամանակ այդ երկու պետությունները պայմանավորվել են կառուցողական համագործակցությունը շարունակել։ Եւ երկրորդ՝ այն պատճառով, որ դա չի ցանկանա հենց ինքը՝ Ադրբեջանը, ով չի ուզենա փչացնել իր հարաբերությունները Իրանի հետ։ Եւ երրորդ՝ դա անհրաժեշտ չէ ԱՄՆ-ին, քանի որ Իրանին հետեւելու համար բավական են նաեւ Թուրքիայում տեղակայված զորքերը։

Նշենք, որ Քլինթոնն արդեն ժամանել է տարածաշրջան։ Նա Հայաստանում կլինի հուլիսի 4-ին եւ 5-ին։