ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր՝ հուլիսի 2-ին Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ: Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ կեսօրին մոտ սկսված հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ:

NEWS.am-ը փորձեց այցի մանրամասները ճշտել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից։ Նա ասաց, որ այցի վերաբերյալ մեկնաբանություններ կտա միայն այդ մասին պաշտոնական հաղորդագրությունից հետո։ Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ համանախագահները ԼՂՀ են այցելել համանախագահող երկրների երեք նախագահների՝ վերջերս արած հայտարարությունից հետո, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Դա կապ չունի, նրանք միշտ էլ պետք է այցելեն եւ այցելում են»:

Հիշեցնենք, սակայն, որ հաճախ են եղել դեպքեր, երբ համանախագահներն այցելել են տարածաշրջան, սակայն ԼՂՀ չեն այցելել: