Պաշտոնյաների տների վրա հարձակումների կամ այսպես կոչված «Բանդայի» գործով դատական նիստը Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 19-ին, հետաձգվեց դատախազի հիվանդության պատճառով։
«Դատախազ Սասուն Խաչատրյանը այսօր առավոտյան է տեղեկացրել, որ հիվանդ է եւ չի կարող ներկայանալ, այդ պատճառով դատը հետաձվում է։ Հիվանդությունը կարծես թե բարդ է, եւ հաջորդ դատական նիստը երկու շաբաթից տեղի կունենա»,-դատարանում հայտարարեց դատավոր Մեսրոպ Մակյանը։
Ամբաստանյալ Դավիթ Գալստյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատական նիստը միտումնավոր է հետաձգվում, դատախազը ցանկանում է ժամանակ ունենալ ճառին նախապատրաստվելու համար։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին։
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։



























