ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այց է կատարում հարավկովկասյան տարածաշրջան ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկին համոզի պատերազմել Լեռնային Ղարաբաղի համար: Ակնհայտ է, որ նա հակառակ նպատակներն ունի, իսկ ղարաբաղյան հակամարտությունը տարբեր կերպ տհաճ է թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հուլիսի 2-ին հայտարարել է Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: 

«ԱՄՆ-ը չի կարող աչքերը փակել նրա վրա, որ այդ երկրում ակտիվ հայկական համայնք է աշխատում, որ Ցեղասպանության ճանաչման է հասել քառասունից ավելի նահանգներում: Բարաք Օբաման նախընտրական քարոզարշավի ընթացքում հստակ ակնարկում էր, որ կընդունի Հայոց ցեղասպանությունը, սակայն դա չի անում բացառապես կոնյունկտուրային նկատառումներով, որպեսզի վերջնականապես չգժտվի Թուրքիայի հետ»,- ասել է  նա: 

Զատուլինի խոսքով, տվյալ իրավիճակում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ելք դարձավ նախագահ Օբամայի վարչակազմի համար, քանի որ դրանք օգնեցին ԱՄՆ նախագահին՝ իր երկրում հետաձգել Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ հայտարարելով, թե հայերն ու թուրքերը վերջապես սկսել են պայմանավորվել, եւ ԱՄՆ-ը չի ցանկանում խաթարել գործընթացը:  Սակայն, երբ Ադրբեջանում հակաթուրքական գործընթացներ սկսվեցին, որն ազդեց Թուրքիայի վրա, գործընթացը կասեցվեց։

«ԱՄՆ-ում հերթական աշնանային քաղաքական սեզոնի նախօրեին, անխոս, փորձեր կլինեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկել, եւ Օբամայի համար շատ տհաճ թեմա կբացվի, որ չի կատարում իր խոստումները: Այդ ֆոնին պարզ է, որ Հիլարի Քլինթոնը, փորձելով օգնել իր շեֆին, գալիս է տարածաշրջան՝ համոզելու Ադրբեջանին, որ հրաժարվի այդ թեման չարչրկելուց մի կողմից, եւ մյուս կողմից նայելու՝ կա արդյո՞ք հնարավորություն ղարաբաղյան կարգավորման համար»,- նկատել է նա:

Զատուլինը կարծում է, որ պետքարտուղարը, հնարավոր է, ժեստեր կանի՝ կապված ֆինանսական օգնության հետ ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին՝ ապացուցելու, որ երկու երկրներն էլ հավասարապես կարեւոր են ԱՄՆ-ի համար: Կքննարկի նաեւ Իրանի հարցը: