ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն եւ հայտնաբերել է օրենսդրական մի շարք խախտումներ «օրգանական» եւ «բիոլոգիական» անվանումով պարենային եւ ոչ պարենային ապրանքներ արտադրող ընկերությունների գործունեության մեջ:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնասիրվել է մոտ 150 ընկերության գործունեություն, որոնց ֆիրմային անվանման մեջ առկա են «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կրճատ ձեւերը:

Պարզվել է, որ մի շարք ընկերությունների այս գործելաոճը մոլորեցնում է սպառողներին, քանի որ վերջինների մոտ ստեղծվում է տպավորություն, իբրեւ թե նման մակնշում պարունակող արտադրանքն ունի առավելություն, քանի որ պատրաստված է էկոլոգիապես մաքուր հումքից: Բացի այն, որ մի շարք ընկերությունների նման գործունեությունը վնասում է սպառողների շահերին, այն նաեւ խոչընդոտում է նմանատիպ արտադրանք թողարկող եւ իրացնող առավել բարեխիղճ ընկերությունների գործունեությանը:

Տեղեկացնենք, որ համաձայն օրենքի, ընթացիկ տարվա հունվարի 1-ից «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կրճատ այլ ձեւերը կարող են օգտագործվել միայն զուտ օրգանական գյուղատնտեսական արտադրանք արտադրող եւ իրացնող տնտեսվարողների կողմից: Այլապես ընկերության ֆիրմային անվանման մեջ կամ անհատականացման այլ միջոցներում նման տերմինների օգտագործումը համարվում է անթույլատրելի:

Ուսումնասիրված մոտ 150 ընկերություններից խախտում է հայտնաբերվել ընդհանուր առմամբ 80-ի մոտ. 55 ընկերության մոտ՝«էկո», 20-ի մոտ՝ «բիո» եւ 5-ի մոտ «օրգանական» անվանումով ապրանքներ արտադրելու կամ իրացնելու համար:

Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, տնտեսվարողի նման վարքագիծը, որը կարող է մոլորության կամ շփոթության մեջ գցել սպառողներին նրանց առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսեւորում:

ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ, մրցակցային օրենսդրության խախտման եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար, 80 ընկերություններ ստացել են խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովը խիստ վերահսկողություն է սահմանելու օրինախախտ ընկերությունների գործունեության հանդեպ եւ լինելու է հետեւողական, որպեսզի վերջինները աշխատեն արդար մրցակցային կանոններով:

Ընկերությունների ամբողջական ցանկը կտեղադրվի ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնական կայքում: