«Ժառանգություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն ճանաչելու մասին ԱԺ հայտարարության նախագծի մերժմանը:

 «Ժառանգության» հայտարարությունում ասվում է.

«Ցեղասպան Օսմանյան կայսրության իրավահաջորդ՝ Թուրքիայի կողմից հայերին ցեղասպանության ենթարկելու վերաբերյալ շարունակաբար ժխտողական քաղաքականությանը այսօր միացավ նաեւ ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որը մերժեց ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացրած նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը, որով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն: 

Հայության բնօրրանում` Հայկական լեռնաշխարհում, եւ Օսմանյան կայսրության տարածքում ցեղասպան քաղաքականության հետեւանքով, որի հիմնական թիրախը հայերն էին՝ տեղի են  ունեցել նաեւ այլ ազգերի զանգվածային կոտորածներ  եւս:

Շուրջ 20-ամյա անկախ Հայաստանի Հանրապետությունը պետական ճանաչում եւ դատապարտում չի հայտարարել Օսմանյան կայսրության եւ նրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության ցեղասպան քաղաքականության վերաբերյալ, երբ վերջինիս հետեւանքով տեղի են ունեցել ոչ միայն հայ ժողովրդի ցեղասպանություն եւ Մեծ հայրենազրկում, այլեւ այլ ժողովուրդների ցեղասպանություն նույնպես:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ ազգությամբ հույների, ասորիների եւ եզդիների պահանջը՝ դատապարտել Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությունը իրենց ազգերի նկատմամբ, ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից մերժումը հերթական եւ դատապարտելի որոշումներից մեկն է:  Իսկ բուն դատապարտման նախագծից առանձին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, միայն «Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր` նշվում է դեկտեմբերի 9-ին» օրենքի ընդունմամբ, դա ոչ այլ ինչ է, քան ձեւական գործողություն»: