Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթների նախարարությունների նախաձեռնությամբ, Թանգարանների միջազգային խորհրդի ռուսաստանյան կոմիտեի (ԻԿՕՄ Ռուսաստան), Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄ Հայաստան) աջակցությամբ՝ 2014 թ. նոյեմբերի 21-23-ը կանցկացվի «Ռուսաստանի եւ Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը:

Համաժողովի նպատակն է վեր հանել մշակութային ժառանգության պահպանության գործում թանգարանների դերն ու նշանակությունը, բնագավառում՝ արդի մարտահրավերներն ու ձեռքբերումները:

Համաժողովի շրջանակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում կանցկացվի «Մշակութային ժառանգության պահպանության արդի հիմնահարցերը» թեմայով կլոր սեղան, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ «Ռուսասատանի եւ Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովը: Զեկուցումներով հանդես կգան Հայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի նախարարների տեղակալները, խոշոր թանգարանների տնօրենները, անվանի գիտնականներ եւ մշակութային գործիչներ, Հայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջեւ կնքվի թանգարանների համագործակցության մասին համաձայնագիր: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի «Երկու հսկա՝ Ս. Ռախմանինով եւ Ֆ. Շալյապին: Հայացք 21-րդ դարից» ցուցահանդեսը:

Համաժողովի մասնակիցների համար կկազմակերպվեն այցելություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանային համալիր, Մատենադարան. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Հայաստանի պատմության թանգարան եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան: