Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով դատական նիստն այսօր՝ նոյեմբերի 20-ին հետաձգվեց ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի հոր մահվան պատճառով: Դատարանը վերջինին կարճաժամկետ թույլտվություն էր տվել հուղարկավորության արարողություններին մասնակցելու համար:
Դատական նիստի ավարտից առաջ բոլոր պաշտպանները վստահեցրին, որ պատրաստ են պաշտպանական ճառով հանդես գալուն, ինչպես նախորդ նիստին խոստացել էին դատավորին:
Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 27-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար։ Դատախազը Վազգեն Խաչիկյանի համար պահանջել է 13 տարվա ազատազրկում, իսկ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանին ազատազրկել 6 տարի, 2 ամիս ժամկետով:




























