Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ համակարգչային նոր լսարանի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ռազմական ինստիտուտում Սեյրան Օհանյանը եւ պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչները նախ եղել են ռազմաուսումնական հաստատության ամբողջովին նորոգված եւ նորովի կահավորված փառքի սրահում, այնուհետեւ մասնակցել են ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովումներով հագեցած համակարգչային լսարանի հանդիսավոր բացմանը:
Համակարգչային լսարանը կահավորվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի օժանդակությամբ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից զորամասերում եւ ռազմաուսումնական հաստատություններում բացված արդեն 8-րդ համակարգչային լսարանը Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի սաներին հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը: Առաջիկայում այն նաեւ կհարստացվի էլեկտրոնային գրադարանով:



























