ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով նոյեմբերի 20-22-ին ՌԴ-ում գտնվող նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին հանդիպել է  ՌԴ դատական կարգադրիչների ծառայության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Սազանովին:

Ողջունելով նախարարի տեղակալին՝ Սազանովը նշել է, որ ՌԴ եւ ՀՀ համապատասխան գերատեսչությունները սերտ համագործակցում են:

Սուրեն Քրմոյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալման համար, ներկայացրել է աշխատանքային այցի նպատակը  եւ հետագա համագործակցության հիմնական ուղղությունները:  Նախարարի տեղակալը կարեւորել է հատկապես ՀՀ եւ ՌԴ արդարադատության նախարարությունների  եւ վերջիններիս ենթակայությամբ  գործող 2 կարեւորագույն կառույցների` դատական ակտերի հարկադիր կատարման եւ պատիժների կատարման ծառայություների հետ   համագործակցության գործուն մեխանիզմներ ներդնելը: Նախարարի տեղակալը հիմնականում անդրադարձել է արտադատական որոշումների կատարմանը,  համակարգում կոռուպցիայի կանխարգելիչ մեխանիզմների ներդրմանը, ինֆորմացիոն նորացված  տեխնոլոգիաների գործադրմանը: Կողմերն անդրադարձել են երկու երկրների անբողոքարկելի վարչական ակտերի կիրառման հարցերին, էլեկտրոնային համակարգերի առանձնահատկություններին:

Խոսելով համապատասխան ծառայությունների ընդհանրություններից՝ երկուստեք կարեւորվել է քաղաքացիների իրավունքները, վերջիններիս իրազեկված եւ ծանուցված լինելու անհրաժեշտությունը:

Սուրեն Քրմոյաննն ու Սերգեյ Սազանովը խոսել են  համակարգի խնդիրներից,  համաձայնելով, որ նույնատիպ խնդիրների լուծումը համատեղ  ջանքերով ավելի արդյունավետ կլինի: Անդրադարձել  են դատական կարգադրիչների դեմ վերադասության կարգով նախարարություն բերված բողոքների քննության կարգին:

Եվրասիական տնտեսական միության անդամակցման շրջանակներում կողմերը կարեւորել են  համագործակցության առավել սերտացումը, փորձի փոխանակումը, ինչպես նաեւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության օպերատիվ փոխանակման հնարավորության հեռանկարը: