Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման հետաձգումը կրում է զուտ տեխնիկական բնույթ: Այդ մասին հայտնել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Լաշա Ժվանիան: Նախարարը ծրագրի իրականացման ձգձգումը պայմանավորել է տարածքի բարդ ռելիեֆով, ինչի հետեւանքով մասնագետները ստիպված են եղել նույնիսկ փոփոխություններ ու ճշտումներ մտցնել ծրագրում:
Ժվանիայի խոսքով, երկաթուղու կառուցման աշխատանքներին խոչընդոտել են նաեւ մասնավոր հողատարածքները: Դրանք հասցեատերերից գնելը նույնպես պահանջել է բավական ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական եւ ադրբեջանական կողմերը աշխատանքների ձգձման մեջ մեղադրել էին պաշտոնական Թբիլիսիին: Ըստ նրանց՝ ձգձգման պատճառը գրաֆիկի խախտումն ու ֆինանսավորման բարձիթողի վիճակն է. նախատեսված 420 միլիոն դոլարից՝ հատկացվել է միայն 34 միլիոնը: Թուրքերն ու ադրբեջանցիները շինարարական աշխատանքների դանդաղեցումը պայմանավորել էին նաեւ Վրաստանի քաղաքական անկայունությամբ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան երկաթուղու շինարարության համաձայնագիրը կնքել էին 2008թ. փետրվարին Թբիլիսիում, իսկ արդեն նոյեմբերին սկսվել էր շինարարությունը, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2011թ.-ի կեսերին: Երկաթուղու կառուցումը թույլ կտա Եվրոպայի հյուսիսից, Ռուսաստանից եւ Ղազախստանից բեռնափոխադրումներ կատարել Ադրբեջանի եւ Վրաստանի միջով դեպի Թուրքիա եւ Միջերկրական ծովի տարածաշրջան:
Նշենք, որ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին հակահայկական նախագիծ է: Վրաստանին տնտեսական առումով շատ ավելի հարմար կլիներ վերաբացել Հայաստանով անցնող երկաթուղին, բայց ադրբեջանական եւ թուրքական կողմերի պահանջով սկսվեց Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարությունը՝ Հայաստանին տարածաշրջանային հերթական նախագծից դուրս թողնելու նպատակով:



























