«Հարսնաքարի» գործով 12-ական տարվա ազատազրկման դատապարտված Գարիկ Մարգարյանին եւ Նորայր Հայրապետյանին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու հայցի քննությունն այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կրկին չկայացավ:
Դատախազ Նարեկ Թոփուզյանը նշեց, որ «Հարսնաքարի» գործով ամբաստանյալները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան, որն առաջիկայում պետք է քննի բողոքը՝ ավելացնելով, որ սույն քրեական գործով պատժաչափը նախորդ դատավճռի պատժաչափին գումարելու խնդիր կա:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 28-ին:
Դատապարտյալ Գարիկ Մարգարյանի մայրը շնորհակալություն հայտնեց նախագահող դատավոր Սամվել Ուզունյանին՝ դատական նիստն իրեն հարմար ժամի նշանակելու համար։
«Երնեկ դատավարությունը դուք վարեիք, պարոն Ուզունյան ջան, երևի ճիշտ կդատեիք Աստված Ձեր հետ լինի, սատանան էլ Դավիթ Հարությունյանի հետ լինի»,- ասաց Գարիկ Մարգարյանի մայրը:
Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014թ. մարտի 24-ին, ժամը 14.00-ից, որպես ամբաստանյալ մասնակցելով Երեւան քաղաքի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում թիվ «Հարսնաքարի գործով» տեղի ունեցող դատական նիստին՝ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կայացված դատավճռի հրապարակման ընթացքում, ուղղակի դիտավորությամբ խաթարելով դատարանի բնականոն գործունեությունը, դատարանի դատական նիստի ընթացքում նշված քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ մասնակցող փաստաբան Տիգրան Եգորյանի հասցեին շուրջ 3 րոպե տեւողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել: Դատախազը միջնորդել է դատարանին վիրավորելու համար Գարիկ Մարգարյանին եւ Նորայր Հայրապետյանին դատապարտել երկու ամսվա ազատազրկման։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձեցին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանն առաջին ատյանի որոշումն անփոփոխ թողեց։




























