Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված եւ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստան վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Բաքվում տեղի ունեցած հարցաքննությանը մասնակցել է նաեւ այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ Հասան Հասանովը, որը սպանվել էր հայկական Զինված ուժերի կողմից ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծելու ժամանակ: Այս մասին հայտնի է դարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում ընթացող դիվերսանտների գործով դատավարության ժամանակ:
Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հասան Հասանովը եղել է Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակից:
Նշենք, որ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ առկա է համապատասխան տեսագրություն, որն ավելորդ անգամ հաստատում է ադրբեջանական քարոզչամեքենայի սին բնույթը. «Տեսագրությունն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնություններին, դրանց միջոցով նրան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուն հարկադրմանը, ինչպես նաեւ իրականում հստակեցնում է, թե ովքեր են իբրեւ թե «իրենց հարազատների գերեզմաններին այցելած» ադրբեջանցի դիվերսանտները»:
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։ Գործի քննությունը սկսվել է հոկտեմբերի 27-ին:




























