«Նաիրիտ» գործարանի շուրջ նոր, տխուր զարգացումներն են հասունանում: Գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նախորդ շաբաթ «Նաիրիտի» աշխատակիցների հետ հանդիպմանը հայտնել է, որ գործարանում անց է կացվելու տեխնիկական աուդիտ համաշխարհային բանկի կողմից, որը կսկսվի մարտին:

Ինչպես նաեւ նախարարն ասել է, որ մինչ այդ հայտարարված ամբողջ աշխատավարձի վճարման մասին խոստումը հնարավոր չէ իրականացնել, որովհետեւ հիմա իրավական հիմքեր չկան, մեկ ամիս առաջ ենթադրվում էր, որ կային այդ հիմքերը, բայց այդ հույսերը չեն արդարացել: Նախարարը նաեւ հայտնել է, որ մինչեւ տարեվերջ եւս մեկ աշխատավարձ կկարողանան մարել, քանի որ առաջիկայում Նոր տարի է, իսկ աշխատավարձի մյուս մասի ճակատագիրն անհայտ է:

Սրանով «նաիրիտցիների» համար տխուր իրականությունը չի ավարտվում: Մամուլի խոսնակն ասաց, որ երեկ հայտնի դարձավ, որ բոլոր աշխատակիցները այսօրվանից ստանում են աշխատանքից ազատման ծանուցագրեր, փետրվարի 6-ից բոլորը կհամարվեն աշխատանքից ազատաված: «Տեղի է ունենալու զանգվածային կրճատում«Նաիրիտում», այնուհետեւ մոտ 500-700 աշխատակիցների հետ, ում աշխատանքը կարեւոր է գործարանի համար, կկնքվեն պայմանագրեր»,-ասաց մամուլի քարտուղարը:

Սա դեռ ամենը չէ, «Նաիրիտում» բարձր աշխատավարձ ստացողների աշխատավարձերը մի քանի անգամ կկրճատվեն: Գործարանում 400 հազար դրամից մինչեւ 2 մլն 600 հազար դրամ աշխատավարձ ստացող  178 աշխատակից կար, ում աշխատավարձերը կրճատվելու են եւ ստացվելու է, որ նույնիսկ միլիոնի մասին խոսք լինել չի կարող: