ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանին հետաքրքրում է, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ վիճակագրական տվյալներով է առաջնորդվել` հայտարարելով, որ ԵՏՄ-ի դեմ կան մի քանի տասնյակ ջղաձգվողներ:
«Հարց եմ ուզում ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ իր շրջապատին, այն մարդկանց, որոնք ԵՏՄ-ի ջատագովն են եւ համաձայն են, որ Հայաստանը դառնա այդ միավորի մասնիկը. Որտե՞ղ են նրանք ուղարկում իրենց երեխաներին ուսման, որտե՞ղ են իրենց թոռներին ցանկանում ուղարկել սովորելու, որտե՞ղ կուղարկեն իրենց ծնողներին բուժման: Նրանց կարծիքով՝ որտե՞ղ է քաղաքակրթության կենտրոնը: Հազարավոր քաղաքացիներ կարծում են, որ քաղաքակրթության կենտրոնն այնտեղ չէ, որտեղ գնում են մեր իշխանությունները»,- այսօր` դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Զուրաբյանը:
ՀՀՇ կուսակցության նախագահը համոզված է, որ «անշրջելի» ոչինչ չկա եւ հնարավոր է չմտնել Եվրասիական տնտեսական միություն:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնած հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես ասել է. « Հայաստանի անդամակցումը Եւրասիական միությանը այլեւս անշրջելի իրողություն է (1.03.2014)։ Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»:




























