Հայաստանում վերջին 20 օրում արձանագրված գնաճը ավելին է, քան 5 տոկոսը, այն 10 տոկոսի սահմաններում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա նշեց, որ մեր երկրի տնտեսական զարգացման ծրագրում, որն ունի ավելի բարձր ուժ, քան բյուջեն, գրված է, որ գնաճը պետք է լինի 4,5 տոկոս +/- 1,5, սակայն դա վերաբերում է տարեկան գումարային աճին: «Ըստ մեր դիտարկումների՝ վերջին 20 օրում նկատում ենք ավելի շատ գնաճ, քան 5 տոկոսը, արդեն 10-ի սահմանում է, նույնիսկ ամենանհրաժեշտ ապրանքները՝ հացը, կաթնամթերքը, սկսեց թանկանալ»,-ասաց Արմեն Պողոսյանը:
Նա նշեց, որ Հայաստանում երկու մարմին կա՝ Կենտրոնական բանկն ու Ազգային վիճակագրական ծառայությունը, որոնք պատասխանատու են գնաճի համար եւ պետք է 10օրյա պարբերությամբ շրջեն խանութներում, արձանագրեն գները եւ հրապարակեն դրանք: Սակայն, Արմեն Պողոսյանի փոխանցմամբ, նրանց հրապարակումները միշտ ուշացած են լինում, թարմ տվյալներ չեն լինում: Նա կանխատեսեց, որ առաջիկայում եւս կլինի գնաճ, մասնավորապես՝ մինչեւ հունվարի 15-ը կլինի մոտ 5-10 տոկոսի գնաճ:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ վերջին օրերին գների աճը գտնվում է 5%-ի սահմաններում: Ըստ նրա՝ հասարակությունը կարող է չանհանգստանալ, ապրանքների 10-15 տոկոս թանկացում չի լինի: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին մեկ շաբաթվա ընթացքում հայտնել իրեն, թե որքանով են թանկացել լայն սպառման ապրանքները:




























