Ռուսաստանին սահմանակից էստոնական Իդա-Վիրումաա նահանգում Բալթյան պաշտպանական գծի ստեղծման շրջանակում կկառուցվի 150 բունկեր։ Դրանցից 100-ը կկառուցվի պետական, իսկ 50-ը՝ համայնքային կամ մասնավոր հողատարածքներում։ Այս մասին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարար Մարտին Հերեմը, փոխանցում է ERR-ը։ Նրա խոսքով՝ իշխանություններն առայժմ չեն նախատեսում այդ նպատակով զանգվածաբար հողատարածքներ գնել Նարվա գետի ափին։ Միաժամանակ համապատասխան տարածքների սեփականատերերին կառաջարկվի պատճառված անհարմարությունների դիմաց փոխհատուցում, հողի վարձակալություն կամ գնում։

Հոկտեմբերի սկզբին Financial Times-ի աղբյուրները հայտնել էին, որ Էստոնիան մտադիր է մշտական հիմունքներով էլիտար զորքեր տեղակայել Ռուսաստանի սահմանի մերձակայքում և զինված հակամարտության դեպքում պատրաստվում է «ակտիվ պաշտպանության»։ Հանրապետությունում մտավախություն ունեն, որ ՆԱՏՕ-ի՝ դաշնակցին պաշտպանելու պատրաստակամությունը ստուգելու նպատակով կարող է սահմանափակ ներխուժում տեղի ունենալ, օրինակ՝ գերազանցապես ռուսալեզու բնակչություն ունեցող Նարվայի գրավումը։ Այդ պատճառով նախատեսվում է էստոնական բանակի հիմնական մարտական ստորաբաժանումը՝ Առաջին բրիգադը, Տապայից տեղափոխել Յիհվի՝ ռուսական սահմանից մոտ 50 կմ հեռավորության վրա։ Բացի այդ, Նարվայում նոր ռազմակայան է կառուցվում, որը խաղաղ պայմաններում նախատեսված կլինի 200 զինծառայողի համար, իսկ ճգնաժամային իրավիճակներում կկարողանա ընդունել ևս 800 զինծառայողի։

Վերջին մեկ տարվա ընթացքում Էստոնիան պայմանագրեր է կնքել ամերիկյան HIMARS համազարկային կրակի 9 ռեակտիվ համակարգերի՝ ներառյալ մինչև 300 կմ հեռահարությամբ M57 հրթիռները, և համադրելի հեռահարությամբ հարավկորեական 9 Chunmoo համալիրների ձեռքբերման համար։ Ըստ FT-ի՝ հանրապետության ռազմական ծախսերն այս տարի նախորդ տարվա համեմատ աճել են 42%-ով՝ հասնելով 2,4 մլրդ եվրոյի կամ ՀՆԱ-ի 5,4%-ին։

2026 թվականի գարնանը սոցիալական ցանցերում «կրեմլյան բոտերը» սկսել են առաջ մղել Էստոնիայից Նարվայի և Իդա-Վիրումաա շրջանի անջատման գաղափարը՝ «Նարվայի ժողովրդական հանրապետություն» ստեղծելու նպատակով։ Հրապարակումներն ուղեկցվում էին #ՍպասումենքՌուսաստանին (#ЖдемРоссию) հեշթեգով և պնդումներ էին պարունակում «տարածաշրջանում ռուսական ինքնությունը պահպանելու անհրաժեշտության» մասին։ Իդա-Վիրումաան համարվում է Էստոնիայի առավել ուրբանիզացված շրջաններից մեկը։ Ըստ 2021 թվականի մարդահամարի տվյալների՝ նահանգի բնակչության 73,25%-ը ռուսներ էին, որոնք կազմում էին հանրապետությունում բնակվող բոլոր ռուսների 30,84%-ը։