Հաճախ Ռուսաստանում եւ Հայաստանում դոլարի փոխարժեքի բարձրացման միջեւ զուգահեռներ են անցկացվում եւ նույնիսկ կապ է «հայտնաբերվում»: Բայց եթե Հայաստանում դոլարը մեկ տարվա ընթացքում ամրապնդվեր նույնքան, որքան Ռուսաստանում, ապա ներկայում դրա փոխարժեքը 565 դրամ կլիներ: Չնայած չի բացառվում, որ հենց այդ փոխարժեքն է համապատասնում իրականությանը:

Եվս մեկ կարեւոր մանրուք. շատ քաղաքացիներ նշում են, որ փոխանակման կետերում դոլար չեն վաճառում: Դա վկայում է այն մասին, որ դոլարի հանդեպ դրամի ընթացիկ փոխարժեքը չի արտացոլում առաջարկի եւ պահանջարկի իրական հավասարակշռությունը: Իսկ իրականում, կարծես, այդ հավասարակշռությամբ էլ պետք է որոշվի դոլարի ընթացիկ փոխարժեքը:

Եթե դիտարկենք անցած տասնամյակում դոլարի միջին տարեկան փոխարժեքի դինամիկան, ապա հետաքրքիր պատկեր կստանանք: 2003-2008 թվականներին դոլարը 41%-ով «թուլացավ»: Որոշ գնահատականների համաձայն, Հայաստանում դոլարի փոխարժեքի անկման շուրջ 20%-ը օբյեկտիվ հիմնավորում չի ունեցել: Պարադոքսը նրանում է, որ հայրենական արժույթը հետեւողականորեն «ամրապնդվում էր»՝ չնայած թույլ տնտեսությանն ու արտաքին առեւտրաշրջանառության հսկայական բացասական սալդոյին:

Այդ տարիներին Հայաստանում մեծ քանակությամբ դոլարի առկայությունն անկախ փորձագետները բացատրում էին Կենտրոնական բանկի քաղաքականությամբ՝ ուղղված խոշոր ներդրողների շահերին: Սակայն չեն բացառվում նաեւ այլ՝ ոչ պակաս կարեւոր պատճառներ: Ի դեպ, այդ ժամանակներից նույն ներմուծողները «սովորեցին» գերշահույթին, եւ հիմա ցանկություն չունեն հրաժարվել դրանից:

Մինչ այդ, օտարերկրյա ներդրումների եւ վարկերի հզոր հոսքը մեր երկրում զգալիորեն կրճատվեց: Դրանցից միայն հիշողություններ մնացին, ինչպես նաեւ մեր երկրի համար հսկայական արտաքին պետական պարտք: Վերջինը, հոկտեմբերի 31-ի դրությամբ, գերազանցեց 1.5 տրիլիոն դրամի սանդղակը (ավելի քան 3.7 մլրդ դոլար): Հավելենք, որ նշված ժամկետում «բնակչության» ներդրումները արտաքին արժույթում հասան գրեթե 573 մլրդ դրամի:

Ընթացիկ տարին նշանավորվեց նաեւ ոչ առեւտրային նշանակության դրամական փոխանցումների ոլորտում բացասական շարժով. ներհոսք-արտահոսքում մաքուր սալդոն կրճատվեց: Միաժամանակ, ներմուծման շատ արագ տեմպերի հետեւանքով բացասական սալդոն աճեց նաեւ արտաքին առեւտրաշրջանառությունում: Այս պայմաններում արդեն անհնար է մեր երկրում արհեստականորեն դոլարի ցածր փոխարժեք պահպանել: Չէ՞ որ այդ արտարժույթն ավելի ու ավելի քիչ է, իսկ դրա պահանջարկը՝ մեծ: