Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցում դժվար էր որոշակի եզրահանգում կատարել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ բացատրելով՝ ինչու նա ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ, մինչդեռ խմբակցության մյուս անդամները կողմ են քվեարկել:
Վարդանյանը պայմանագիրն անվանեց օբյեկտիվ իրականություն, որից խուսափելն անհնար էր: Երկիրը քիչ այլընտրանք ունի, եւ պարզ է, թե ինչու պատգամավորների մեծ մասը կողմ քվեարկեց պայմանագրին: «Մյուս կողմից, ես ունեմ կենսագրություն, նպատակներ, աշխարհընկալում, անցած ուղի: Քանի որ ամբողջական եզրահանգում կատարելը բարդ էր, ես որոշեցի ձեռնպահ մնալ քվեարկության ժամանակ՝ խմբակցության գործընկերներիս վաղօրոք տեղյակ պահելով իմ անձնական մտադրության մասին», - նշեց Վարդանյանը:




























