Միասնական տնտեսական հանձնաժողովը քննարկում է ԵՏՄ-ում ալկոհոլի ակցիզների ներդաշնակեցման հնարավորությունը: Այս մասին դեկտեմբերի 5-ին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ասաց Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Միասնական տնտեսական հանձնաժողովի (ՄՏՀ)՝ ինտեգրման եւ մակրոտնտեսության հիմնական ուղղություններով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:
Նրա խոսքով, ակցիզի թեման (ոչ հաճելի հայ արտադրողների համար - խմբ.) «շատ նուրբ, հանգիստ, բայց քննարկվում է»:
Պատրա՞ստ է, արդյոք, ՄՏՀ-ն քննարկել այլ հարկերի ներդաշնակեցումը հարցին Վալովայան պատասխանեց, որ առայժմ հարկային դրույքաչափերի հարցում ԵՏՄ-ի ներսում տարբերությունն այնքան էլ մեծ չեն: «Շուրջ 6 տոկոսային կետով, բայց դա իսկապես ուշադրություն չի գրավում: Բայց ընդհանուր առմամբ այդ թեման կա, եւ մենք կարող ենք այն քննարկել»,- հավելեց կառույցի պաշտոնյան:
Պատասխանելով հարցին, կարո՞ղ է միջնաժամկետ հեռանկարում միասնական դրամական քաղաքականության սկզբունքների քննարկում սկսվել, Վալովայան խոստովանեց, որ միասնական արժույթի քննարկումների համար պայմաններ դեռեւս չկան:
«Մեզ համար հիմա ավելի կարեւոր են քննարկել ֆինանսական շուկաներում համաձայնեցված գործողությունների հարցերը: Մենք մինչեւ 2025 թվականն ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելու խնդիր ունենք եւ կարծում ենք, որ դա ավելի ճիշտ քայլ է: Հենց այստեղ էլ մենք ուսումնասիրում ենք եվրոպական փորձը՝ սխալներ թույլ չտալու համար»,- ամփոփեց Վալովայան:




























