«Հայազն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ԵՏՄ-ին միանալու հակապետական որոշումը: Այս մասին նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ, որում ասվում է.
«Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ն 103 կողմ եւ 7 դեմ հարաբերակցությամբ վավերացրեց ԵՏՄ մտնելու մասին պայմանագիրը: Փաստացի Հայաստանը կամովին զիջեց իր ինքնաշխունաթյան մի մասը մի կազմակերպության, որը դեռ չձեւավորված կնքում է իր մահկանացուն, մի կազմակերպության, որտեղ ինքը ունի ընդամենը սիմվոլիկ ձայն:
Հայաստանի Հանրապետությունը պատահականորեն չէր ստեղծվել. այն հայ ժողովրդի երկար դարեր տեւած պայքարի արդյունքն էր: Ի՞նչ է ստացվում. ՀՀ այսպես կոչված նախագահը իր խոսքերով մի գիշերում մսխում է դժվարությամբ ձեռք բերված նվաճումը եւ երկրի ներսում ստանում «չիշխանական» վավերացումը՝ անշրջելի է: Ինքնիշխանության հանդեպ բացահայտ ծաղրը շարունակվում է ԱԺ-ում:
Կարելի է դժվարությամբ հասկանալ չընտրված, անգրագետ, կոճակ սեղմողներին՝ անմեղսունակ են: Առավել խստագույն դատապարտելի են նրանք, ում ժողովուրդը վստահության քվե է տվել, ում ուղարկել են ԱԺ իրենց շահերից բխող որոշումներ կայացնելու: Միթե մոռացել են պատասխանատվության մասին, միթե հեռանկարում պաշտոնը արդեն կուրացրել է իրենց: Դեռ լավ է՝ կային երջանիկ բացառությունները:
«Հայազն»-ը խստորեն դատապարտում է կայացված հակապետական որոշումը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք. Հայաստանի հաջորդ՝ ազգային իշխանությունը ոչ միայն անվավեր է ճանաչելու կնքված բոլոր հակապետական պայմանագրերը, այլեւ համաժողովրդական դատարանի առաջ է կանգնեցնելու բոլոր նրանց, ովքեր դույզն ինչ նպաստել են հայկական պետականության հետընթացին: Դատարանի առաջ են կանգնելու բոլորը, անկախ նախկինում ունեցած իրենց արժանիքներից եւ մատուցած ծառայություններից. պատասխանատու պահին նրանք չկանգնեցին պետականության կողքին:




























