Վրաստանի արժույթը դոլարի հանդեպ ընկավ մինչեւ վերջին 10 տարիների ամենացածր մակարդակի, իսկ հայկական դրամը՝ 2006 թվականից ի վեր ամենացածր մակարդակի: Այս մասին գրում է միջազգային գործարար «Financial Times» պարբերականը:

«Ռուսաստանի հարեւաններն առեւտրային կապերի եւ դրամական փոխանցումների միջոցով սերտորեն կապված են իրենց նախկին տիրոջ տնտեսության հետ: Երբ ռուբլին ընկնում է, այն ազդում է նրանց արժույթների վրա: Ղազախստանն այս տարեսկզբին ստիպված էր դիմել տենգեի արժեզրկման, երբ ռուբլին առաջին անգամ սկսեց անկում ապրել, իսկ հիմա դա հասավ նաեւ Հայաստան եւ հատկապես Վրաստան»,- նշում է հրատարակությունը:

Պարբերականի համաձայն, «Standard Bank»-ի աշխատակից Թիմոթի Էշն այդ առիթով ասել է. «Ռուսաստանը կարեւոր առեւտրային գործընկեր է այդ երկու երկրների համար, քանի որ երկուսն էլ օգտվում են աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումներից: Դեպի Ռուսաստան արտահանումը նույնպես բավական զգալի է երկուսի համար էլ»:

«Նրանք հույս ունեն օգուտ քաղել Արեւմուտքի դեմ ռուսական պատժամիջոցներից, սակայն Ռուսաստանում մեծ արժեզրկումն ակնհայտորեն սպառնում է առեւտրին»,- ընդգծել է Թիմոթի Էշը: