Այս տարվա վերջին կամ մյուս տարվա սկզբին Հնդկաստանը Հայաստանում կբացի տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցողական կենտրոն:  Հուլիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրան: Նա նշեց, որ արդեն ձեռք են բերվել համակարգիչներ, եւ հենց որ Հայաստանում շենքը պատրաստ լինի, դրանք կտեղափոխվեն Հայաստան։ «Այն կոչվելու է «Հայ-հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության գերազանցության կենտրոն»,-նշեց դեսպանը։

Հիշեցնենք, որ Աչալ Կումար Մալհոթրան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հանդիպմանը հայտարարել էր, թե Հնդկաստանը մտադիր է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման կենտրոն բացել։