Ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների վերաբեռնումը հաջող ընթացք է ունեցել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի համատեղ ասուլիսի ընթացքում հնչած հայտարարությունները։ Այդ ասուլիսի ընթացքում կողմերը ընդգծել էին երկկողմ հարաբերությունների դրական կողմերը՝ փորձելով ակնհայտ կերպով գունազարդել իրերի իրական ընթացքը։ Այսպես, ադրբեջանական «Զերկալո ազ»-ի հոդվածագիրը գրում է. «Հարցին, հանդիպման ընթացքում քննարկվե՞լ են մարդու իրավունքների վիճակի, մասնավորապես՝ կալանավորված երկու բլոգերների հարցը, պետքարտուղարն ասել է. «Իհարկե, քննարկվել են»։ «Ժողովրդավարությանն առնչվող հարցերը մշտապես երկու երկրների օրակարգում են։ Սակայն ժողովրդավարությունը դա ավանդույթներ ու պատմություն է։

ԱՄՆ-ում ժողովրդավարության ավանդույթները շուրջ 230 տարվա պատմություն ունեն, իսկ Ադրբեջանը երիտասարդ երկիր է։ Այնուամենայնիվ,  երկրում մեծ աշխատանք է տարվել ժողովրդավարության ուղղությամբ, ստեղծվել են բարենպաստ պայմաններ բիզնեսի զարգացման համար, երկիրը հասել է տնտեսական զարգացման բարձր ցուցանիշների»,-նշել է Քլինթոնը։ «Զերկալո.ազ»-ն այնուհետ մեջբերել է լրագրողների հարցերը։ «Ի՞նչ զարգացման մասին կարող է խոսք լինել, եթե մարդու իրավունքների ու ժողովրդավարության հետ կապված վիճակը գնալով վատթարանում է։ Միջազգային կազմակերպությունները, այդ թվում եւ ամերիկյան, մշտապես հետընթաց են արձանագրում Ադրբեջանում։ Սա չի՞ նշանակում, որ Ադրբեջանում ժողովրդավարությունը առաջնահերթություն չի համարվում ԱՄՆ-ի համար, թե՞ նավթն ու անվտանգության խնդիրներն են մեծ առաջնահերթություններ։ Ո՞րն է Քլինթոնի ուղերձը՝ ուղղված  ադրբեջանցի ժողովրդավարներին, որոնց հետ նա այդպես էլ չհանդիպեց»։ «Թուրան» գործակալության այս հարցին պետքարտուղարը կոնկրետ պատասխան չի տվել՝ նկատելով, որ ԱՄՆ-ը հարցերը չի դասակարգում ըստ  առաջնահերթությունների։

«Բոլոր այդ հարցերը մեզ համար կարեւոր են, եւ մենք միշտ մարդու իրավունքների, մամուլի ազատության, քաղաքացիական հասարակության պաշտպանության դիրքերից ենք հանդես գալիս։ Այս մասին մենք խոսել ենք այստեղ՝ Բաքվի իշխանությունների հետ, ես այս մասին խոսել եմ նաեւ  ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, ովքեր պետք  է ուսանեն ԱՄՆ-ում»,-ասել է Քլինթոնը։ Նա նաեւ ընդգծել է, թե Վաշինգթոնը հետամուտ է իրադարձությունների զարգացմանը, եւ գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարդու իրավունքներին ու ժողովրդավարության վիճակին առանձնակի ուշադրություն կդարձնի։  Իր հերթին, Էլմար Մամեդյարովը շտապել է նշել, որ «մեկ-երկու փաստի հիման վրա չի կարելի ենթադրություն անել  ժողովրդավարության վիճակի մասին ընդհանրապես։ «Ադրբեջանը հնարավոր ամեն ինչ անում է, եւ ժողովրդավարությունը մեզ մոտ հաջող զարգանում է»,-նշել է նա։  Քլինթոնի եւ Մամեդյարովի հայտարարությունների տոնը վկայում  է այն մասին, որ կողմերը խուսափում են սուր թեմաներից եւ փորձում են ընդգծել դրական կողմերը։  Երկար ժամանակ տեւած փոխադարձ քննադատությունից ու հարաբերությունների սառեցումից հետո կողմերն ի ցույց են դնում իրենց ցանկությունը՝ չգրգռել միմյանց՝ տհաճ թեմաներ շոշափելով»,-գրում է թերթը։