Պատասխանատվությունից խուսափելու շատ էժանագին փորձ է անվանել Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարար Գեորգի Բոկերիան Ռուսաստանի վարչապետ Պուտինի երկուշաբթի արած մեկնաբանությունը՝ ի պատասխան Վրաստանը ապաշրջափակելու անհրաժեշտության մասին Հիլարի Քլինթոնի հայտարարության։
«Սա, ցավոք, մեզ համար սովորական դարձած ցինիզմ է, եւ այս դեպքում վարչապետ Պուտինի կողմից։ Մենք սովորել ենք դրան»,-հայտարարել է Բոկերիան։
Նրա խոսքով, բոլորին պարզ է, որ այս տիպի բոլոր ցինիկ հայտարարությունները, թե Ռուսաստանը կապ չունի, եւ որ այլ խաղացողներ պետք է պարզեն այս հարցը, ընդամենը շատ էժանագին փորձ է՝ նորից խուսափել պատասխանատվությունից»,-հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։
Միւենույն ժամանակ փոխնախարարը նաեւ մեկնաբանել է վրացի քաղաքական գործիչների մտադրությունները, մասնավորապես՝ Վրաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Հանուն արդար Վրաստանի» շարժման առաջնորդ Զուրաբ Նողայդելիի, ով հաճախ է այցելում Մոսկվա՝ Ռուսաստանի հետ համագործակցություն հարթելու համար։
«Վրաստանի իշխանությունները եւս ցանկանում են համագործակցել Ռուսաստանի հետ, փոխադարձ հարգանքի դեպքում։ Դա ենթադրում է ապաշրջափակում, Վրաստանի ինքնիշխանության նկատմամբ հարգանք եւ հրաժեշտ այն երազանքին, որ երբեւէ կվերականգնվի Խորհրդային Միությունը»,-ասել է Բոկերիան։
Նա կրկնել է, որ Վրաստանի իշխանությունները եւ հասարկության մեծ մասը ցանկանում են համագործակցել Ռուսաստանի հետ եւ պատրաստ են դրան։




























