Տնային կալանքի տակ գտնվող՝ ռուսաստաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցի հարցը քննարկվելու է դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Բասմանի դատարանում:
Ինչպես NEWS.am-ին ասաց Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանը, այդ օրը քննարկվելու է նախնական կալանքի ժամկետը երկարացնելու հարցը:
Նշենք, որ հայ գործարարի կալանքի նախնական ժամկետը լրանալու է դեկտեմբերի 15-ին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով:



























