ՀՀ վարչապետը ընդունել է այցով Հայաստանում գտնվող Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանին։ Տիգրան Սարգսյանի եւ Գլենդեյլի քաղաքապետի՝ հուլիսի 6-ին կայացած հանդիպմանը քննարկվել են հայապահպանության խնդիրները։
Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը Հայաստանում է գտնվում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով։
Վարչապետի հետ քննարկված հայապահպանության խնդիրների համատեքստում ընդգծվել է Սփյուռքի նախարարության գործունեության կարեւորությունը։ Առանձնացվել է «Արի տուն» ծրագիրը` որպես հայրենաճանաչությանն ուղղված հաջողված ծրագիր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության եւ առեւտրի բնագավառներում գործակցության խորացման հարցեր։ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել Հայ-ամերիկյան առեւտրի պալատի եւ Զարգացման հայկական գործակալության ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջեւ շփումների ակտիվացումը։




























