Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած բոլոր ուղեւորները հարցաքննվել են: Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Նրա խոսքով՝ հարցաքննվել են ինչպես «Գազել»-ի ուղեւորները, այնպես էլ բեռնատարի վարորդն ու ուղեւորը:

«Բոլորի հարցաքննություններն ուղարկել ենք փորձագետին, որն էլ եզրակացությունը կտա: Առայժմ ոչ մի փորձաքննության պատասխան դեռ չի ստացվել»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Նշենք, որ գործով կալանավորվել է բեռնատարի վարորդը՝ 44-ամյա Մանվել Վարդանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։