Հուլիսի 6-ին Երեւանում մեկնարկել է Արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով Հայաստան-Եվրոպական Միություն ենթակոմիտեի առաջին նիստը: Ենթակոմիտեի աշխատանքները հայկական կողմից համանախագահել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը եւ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի աշխատանքներում ներգրավված են ՀՀ Գլխավոր դատախազության,
Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, Կենտրոնական բանկի, Միգրացիայի պետական ծառայության Արտաքին գործերի, Արդարադատության, Էկոնոմիկայի, նախարարությունների եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների պաշտոնյաներ:
ԵՄ պատվիրակությունը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հարավային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հարցերով բաժանմունքի ղեկավար Ջոն Կյաերը:
Հանդիպման օրակարգում են սահմանների կառավարման, կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, միգրացիոն քաղաքականության, դատաիրավական համագործակցության, ինչպես նաեւ` ԵՄ երկրներ ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ հարցեր:




























